National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.06.2018
Խորհրդարանական լսումներում քննարկվել են ՀՀ մշակութային քաղաքականության ուղղություններն ու հիմնահարցերը
1 / 5

Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ` «Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականության ուղղություններն ու հիմնահարցերը միջազգային պարտավորությունների համատեքստում» թեմայով:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն իր ելույթում խոսել է մշակութային քաղաքականության օրենսդրական հիմնախնդիրների մասին: Հանձնաժողովի նախագահի խոսքով` ներկա զարգացումների պայմաններում չափազանց կարեւորվում է հնագույն ազգի ինքնապահպանում եւ ճանաչելիություն երաշխավորող պետական մշակութային քաղաքականությունը: Նշվել է, որ Հայաստանը միացել եւ վավերացրել է մի շարք հռչակագրեր, համաձայնագրեր ու պայմանագրեր, որոնցով ոչ միայն դարձել է իրավունքի ու գործելու լայն հնարավորությունների կողմ, այլեւ ստանձնել մի շարք պարտավորություններ, որոնց կատարումը կդառնա մշակութային հասարակության արդիականացման ու արդյունավետության բարձրացման կարեւորագույն պայման: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ` հատուկ ուշադրության պետք է արժանանան Արցախի մշակութային ճանաչմանն ու հանրայնացմանն ուղղված հարցերը:

Վարդան Բոստանջյանն առաջարկել է խորհրդարան-կառավարություն հարթությունում ակտիվացնել օրենսդրական փաթեթների մշակման եւ լրամշակման աշխատանքները: Նա անդրադարձել է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային հաղորդակցման, ոլորտում գործունեության իրականացման, մատչելիության ապահովման հարցերին: Բանախոսի գնահատմամբ` անհրաժեշտ է ստեղծել մշակութային քաղաքականության համապարփակ ռազմավարական ծրագիր, ակտիվացնել «խորհրդարան-գործադիր մարմին-ստեղծագործական միություններ-հասարակական կազմակերպություններ» համագործակցությունը,  աշխատաոճ դարձնել յուրաքանչյուր ոլորտի առանձին դիտարկումն ու կարգավորումները:

«Ժամանակն է ստեղծել իրավական հիմքեր` մշակույթի գործիչների եւ  ստեղծագործական աշխատողների սոցիալական երաշխիքներն ամրապնդելու համար»-նշել է Վարդան Բոստանջյանը:

Նա առաջարկել է իրականացնել մշակույթի ոլորտի քարտեզագրում եւ տվյալների թվայնացում` ըստ մշակութային բնագավառների, հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջային տեղեկատվական նյութերի մշակման եւ տարածման աշխատանքներին, ինչպես նաեւ խստացնել զբոսաշրջային կազմակերպություններին եւ զբոսավարներին ներկայացվող պահանջները:

«Մշակութային նոր քաղաքականություն. ՀՀ-ԵՄ համաձայնագրի մշակույթի բաղադրիչը» թեմայի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա մասնավորապես անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, որին Հայաստանը միացել է այս տարվա մարտի 24-ին:  Հանձնաժողովի նախագահի կարծիքով` պետք է արդյունավետ օգտվել այդ ծրագրից: 2014-2020թթ. ծրագրի բյուջեն կազմել է 1 մլրդ 460 մլն դոլար, իսկ 2021-2027թթ. համար` 1 մլրդ 860 մլն դոլար: Ծրագրի շրջանակում ակտիվ աշխատանքներ են իրականացվում ֆիլմարտադրության ոլորտում:

Կարեւորելով մշակույթի ոլորտի զարգացման հարցում ֆինանսական բաղադրիչը` Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ պետական բյուջեի 1.8 տոկոսն է հատկացվում այդ բնագավառին: Նա համոզմունք է հայտնել, որ գրագետ ու առողջ մշակութային քաղաքականության իրականացման արդյունքում նման բյուջետային միջոցների դեպքում անգամ հնարավոր է ոլորտի զարգացման արդյունավետ լուծումներ գտնել:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ օրենսդրական լուծում պահանջող մի շարք խնդիրների, որոնք վերաբերել են հատկապես թատրոնի, կինոյի, ստեղծագործական միությունների գործունեությանը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանն իր զեկույցում անդրադարձել է մշակույթի ոլորտում միջազգային համագործակցության ուղղություններին` նշելով, որ համագործակցություն է իրականացվում աշխարհի 46 երկրի եւ 13 միջազգային կազմակերպության հետ: Նշվել են ՀՀ մշակույթի նախարարության արտաքին քաղաքականության ուղղությունները` հայկական մշակույթի հանրահռչակում արտերկրում, այլ մշակույթների ներկայացում Հայաստանում եւ միջազգային մշակութային գործընթացների համատեքստում հայկական մշակութային կյանքի զարգացում: Փոխնախարարը տեղեկացրել է, որ միջազգային կառույցների եւ կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման նպատակով 2016-2017 թվականներին իրականացվել են համապատասխանաբար 18 եւ 14 համաֆինանսավորվող ու համատեղ ծրագրեր: ԱՊՀ երկրների հետ հումանիտար համագործակցության ձեւաչափում մասնակցություն է ապահովվել ԱՊՀ շրջանակում իրականացվող միջոցառումներին: Վահե Բուդումյանն ընդգծել է, որ ԱՊՀ-ի հետ համագործակցության հարցում կարեւորությամբ առանձնանում է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համագործակցությունը: 
  
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը  նշել է, որ պետք է հստակեցնել մշակութային ոլորտում պետական շինարարութայն հիմնադրույթները, մոդելները, գործիքակազմը: Նրա խոսքով` պետությունը պետք է հռչակի իր ոլորտի քաղաքականության նպատակը եւ հստակեցնի շեշտադրումները, պետական մոտեցումն ու աջակցությունը:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, կարեւորելով քննարկումների նման ձեւաչափը, նշել է, որ հայկական մշակույթը, կենսամտածողությունը, ինքնագիտակցությունն ամբողջությամբ ներառում է եւ արեւելքի եւ արեւմուտքի մշակությաին քաղաքակրթության նշանները: Այս առումով, ըստ բանախոսի, Հայաստանը կարող է հանդես գալ որպես հաճախ միմյանց հետ բախվող եւ մրցակցող այդ երկու քաղաքակրթությունների հավասարակշռության նժար: Կարեւորելով հայ երիտաասարդության դերակատարումը մշակութային կյանքում, նա ասել է, որ օրենսդրության մեջ պետք է հստակորեն ձեւակերպված լինեն հատկապես Հայաստանում երիտասարդ սերնդի ստեղծագործական, մշակութային, գիտական կայացմանը նպատակամղված չափորոշիչներ, սկզբունքներ եւ ծրագրեր:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն անդրադարձել է տպագրության աջակցության ծրագրերին: Նա ընդգծել է, որ մշակույթի նորանշանակ ղեկավարները պետք է անդրադառնան դասական, ժամանակակից գրողների գործերի պետական աջակցությամբ հրատարակման խնդիրներին:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ողջունելով նման ձեւաչափով քննարկումները, նշել է, որ մշակույթին վերաբերող ցանկացած հարց պետք է քննարկել արվեստագետների հետ համատեղ, աշխատել եւ գտնել ոլորտի զարգացմանը նպաստող նոր ուղիներ: Նա նաեւ ընդգծել է, որ արժեքների վերանայման անհրաժեշտություն կա:

Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը բարձրացրել է կինոարվեստին վերաբերող բարեփոխումների անհրաժեշտության հարցը` կարեւորելով հատկապես «Կինոյի մասին» օրենքի  նախագծի մշակումը:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը, բանաստեղծ Կարինե Աշուղյանը, «Հայեր մեդիա կենտրոնի» գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանն անդրադարձել են ստեղծագործական միությունների աշխատանքների օրենսդրորեն կարգավորման խնդիրներին, ընդգծելով, որ կառույցները պետք է վերակազմավորվեն եւ աշխատեն նորովի:

«Հայաստանի դիզայներների միության» նախագահ Աշոտ Բաղդասարյանը, մտահոգված Հայաստանում բնագավի կարգավիճակով, ընդգծել է, որ զարգացած երկրները հիմնականում ուղղորդվել են դիզայնի աջակցությամբ մշակված հայեցակարգային ծրագրերով: Նա նշել է, որ այս ճյուղը մոռացության է տրվել, զարգացման համար բավականին խոչընդոտներ կան, մինչդեռ այն երկրի զարգացմանը լուրջ հենարան կարող է տնտեսության համար:

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը, պատգամավոր Շաքե Իսայանը, «Բալետ 2021» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, գիտաշխատող Ռուզաննա Ծատուրյանը, «Արի Օշական» կազմակերպության ներկայացուցիչ Ռազմիկ Մնացականյանը եւս անդրադարձել են նոր մշակութային քաղաքականություն մշակելու անհրաժեշտությանը` ընդգծելով, որ պետք է ուշադրություն դարձնել տարածքային համաչափության պահպանմանը, որպեսզի մարզերը եւս ակտիվ կյանքի մեջ ներգրավված լինեն:

Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, անդրադառնալով համակարգում առկա խնդիրներին, փաստել է, որ փակվում են համայնքային գրադարանները, շենքերը հիմնականում անմխիթար վիճակում են գտնվում, հաշմանդամներին գրադարաններից օգտվելու համար որեւէ հնարավորություն ապահովված չէ: Բանախոսի կարծիքով` գրադարանները պետական միջամտության եւ հոգածության կարիք ունեն:

ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արդիականության բաժնի գիտաշխատող Հարություն Մարությանն անդրադարձել է Հայաստանում ճարտարապետական ժառանգության ֆիզիկական պաշտպանության խնդրին՝ նշելով որ վերջին 20 տարիներին այն բարձիթողի վիճակում է:

ՀՀ ճարտարապետների պալատի ներկայացուցիչ Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիային, Մշակութային արժեքների նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ ԵԽ կոնվենցիային, որոնց դրույթները կյանքի կոչելու վերաբերյալ, ըստ բանախոսի, պատկան մարմինները որեւէ քայլեր չեն կատարել:

Դերասան Հրանտ Թոխատյանը, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն անդրադարձել են այլընտրանքային արվեստին, ՊՈԱԿ-ների գործունեության օրենսդրական կարգավորմանը, թատրոնում ծառացած խնդիրներին, դերասաններին, մշտական բեմ չունենալուն:

Եզրափակիչ ելույթում Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին կառուցողական եւ օգտակար քննարկում ծավալելու համար: Նա նշել է, որ հետեւողական են լինելու եւ անդրադառնալու են խորհրդարանական լսումների ընթացքում բարձրացված բոլոր հարցերին:
 
 
 
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am